Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Վահե Եղիազարյան անունով տղամարդը ծեծի ենթարկում տրանսգենդեր կնոջը, որը հեռարձակում է ուղիղ եթերով՝ զուգահեռաբար հայհոյանքներ հնչեցնելով։ Հայտնի է, որ դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է վարույթ։ 

Ատելության հիմքով հանցագործությունների նկատմամբ իրավապահ համակարգի պատշաճ արձագանքի բացակայությունը հանգեցրել է անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը, ինչի հետևանքով տրանս* անձինք շարունակաբար գտնվում են բռնության սպառնալիքի ներքո, և սա վերջին ամիսներին տրանս* անձանց նկատմամբ դրսևորվող բռնության առաջին դեպքը չէ (1, 2, 3, 4

Սակայն այս դեպքը հատկապես մտահոգիչ է, քանի որ բռնությունը ցուցադրող տեսանյութը ակտիվորեն շրջանառվում է համացանցում՝ ուղեկցվելով ատելության խոսքով և բռնության խրախուսանքի կոչերով: Ավելին, «Լույսի բանակ» ՌԲՀԿ անունից հանդես եկող Կարեն Արայանը և Վահե Եղիազարյանը համացանցում տեղադրել են տեսանյութ, որտեղ հրահրում են հետագա խտրականություն և բռնություն տրանս* անձանց նկատմամբ։ Տեսանյութի մեկնաբանություններում հարյուրավոր անձինք հնչեցնում են ատելության խոսք և բռնության սպառնալիք։ 

Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ անձ չպետք է ապրի վախի և բռնության սպառնալիքի մթնոլորտում իր անձնական կամ սոցիալական որևէ հատկանիշի պատճառով։ Առավել ևս, միավորումների ազատության իրավունքը չպետք է օգտագործվի հանրության որևէ խմբի նկատմամբ ատելության ու բռնության հրահրման կամ դրա հրապարակային աջակցության համար։

Կոչ ենք անում 

  • իրավապահ մարմիններին՝ կոտրել անպատժելիության արատավոր շղթան և կանխել բռնության հնարավոր դեպքերը՝  ապահովելով ատելության հիմքով հանցագործությունների պատշաճ քննություն և կատարված հանցանքին համապատասխան արդարացի պատժի նշանակում,
  • ՀՀ իշխանություններին՝ հստակ և աներկբա արձանագրել, որ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականությունն անթույլատրելի է և չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան մարդու արժանապատվության և հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում։