Մայիսի 25-ին կոալիցիայի անդամ կազմակերպությունների Ընդհանուր ժողովը նախագահ ընտրեց Հայկ Աբրահամյանին։ Հայկ Աբրահամյանը քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման խորհրդատու է՝ ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձով։ Նախքան Կոալիցիային միանալ Հայկն աշխատել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի, Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի և Միջազգային հաշվետվողականության ծրագրի հետ։ Որպես դասընթացավար և խորհրդատու աշխատել է համայքային կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների հետ Հայաստանում, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում՝ որպես ջատագովության արշավների, հաղորդակցության և համայքնային ներգրավման ռազմավարությունների մշակման եւ իրականացման մասնագետ։ Հայկի փորձառությունը մարդու իրավունքների և հատկապես խտրականությունից զերծ լինելու իրավունքի ոլորտում է։ 2015 թվականից սկսած նա ներգրավված է Հայաստանում քաղհասարակության ջատագովության գործողություններում՝ ուղղված հակախտրականության օրենսդրության և քաղաքականությունների ընդունմանը։ Հայկը ունի մագիստրոսի աստիճան մարդու իրավունքների ոլորտում Կենտրոնական եվրոպական համալսարանից։

 

Մենք զրուցել ենք Հայկի հետ Կոլիցիային միանալու նրա շարժառիթների և Կոալիցիայի առաջիկա ծրագրերի մասին։ 

      Ի՞նչ է ձեզ համար նշանակում Կոալիցիայի նախագահ լինելը։

Երբ ես 12 տարեկան էի, առաջին անգամ մասնակցեցի շախմատային մեծ մրցաշարի Երևանի «Շախմատի տանը»։ Առաջին օրը, մտնելով «Շախմատի տուն», ամենաշատը տպավորեցի Հայաստանի տարբեր հատվածներից հավաքված մասնակիցների բազմազանությամբ։ Իմ առաջին մրցակիցը տարիքով ինձանից փոքր աղջիկ էր, երկրորդը՝ մոտ 30 տարեկան տղամարդ։ Թեև ամբողջ մրցաշարի ընթացքում մրցակցությունը թեժ էր, բայց անկախ արդյունքներից կար փոխադարձ հարգանքի և միմյանցից սովորելու տպավորիչ մի միջավայր։ Այս փորձառությունն ինձ վաղ տարիքից օգնեց գնահատել բազմազանությունն ու ներառականությունը։

Կոալիցիայի գործունեությունն ինձ համար շատ հոգեհարազատ է, որովհետև այն ձգտում է ունենալ հենց այնպիսի հասարակություն, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն արժևորված և ներառված է զգում։ Այստեղ հավաքված են տարբեր փորձառություններ ունեցող մարդիկ, որոնց միավորում է ընդհանուր արժեքները՝ հավասարություն, սոցիալական արդարություն և համերաշխություն։ Կոալիցիան յուրահատուկ հարթակ է, որտեղ մարդիկ կերտում են ավելի ներառական և արդար հասարակության տեսլականը և մշակում դրան հասնելու գործնական ճանապարհը։

Կոալիցիայի գործունեությունը համակարգելն ինձ համար առաջին հերթին նշանակում է ֆասիլիտացնել այն գաղափարական և ռազմավարական քննարկումները, որոնք տեղի են ունենում անդամների միջև, ինչպես նաև համախոհների հետ։ Կոալիցիայի անդամ կազմակերպություններից յուրաքանչյուրն աշխատում է մարդկանց հետ ում հավասար արժեքը, իրավունքներն ու արժանապատվությունը մերժվում կամ հարցականի տակ են դրվում։ Որպես Կոալիցիայի նախագահ ինձ համար առաջնային է ապահովելը, որ Կոալիցիան լինի արդյունավետ միջոց համախմբելու այն մարդկանց, ովքեր տեսնում են այդ անարդարությունները և միասին պայքարում դրանց դեմ։

  Որո՞նք են լինելու Կոալիցիայի առաջնահերթությունները առաջիկայում։

Ես կարծում եմ, որ մեր գործունեության համար ուղենիշային պետք է լինի հետևյալ ասույթը՝ «Հասարակության մասին կարելի է դատել նրանով, թե ինչպես է այն վերաբերվում իր ամենախոցելի անդամներին»։ Քանի դեռ մեր երկրում կան մարդիկ, ովքեր իրենց սոցիալական կամ անձնական որևէ հատկանիշի պատճառով չեն ստանում որակյալ կրթություն, չունեն արժանապատիվ աշխատանք, կամ պաշտպանված չեն բռնությունից, մենք անելիք ունենք։

Ավելի ներառական և արդար հասարակություն ունենալու ճանապարհին Կոալիցիան իր դերն ու առաքելությունը տեսնում է հետևյալում՝ 1) խտրականության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ջատագովություն, 2) հավասարության և ներառականության պատմույթի խթանում, 3) չներառված խմբերի և համախոհների զորեղացում և ներգրավում հանուն հավասարության պայքարում։

Առաջին ուղղությամբ Կոալիցիայի առաջնահերթությունն Իրավահավասարության մասին օրենքի ընդունման ջատագովությունն է։ Այս օրենքը պետք է լինի համապարփակ և ուղենիշային։ Այն պետք է ծածկի հանրային կյանքի բոլոր ոլորտները և ի ցույց դնի պետության հանձնառությունը՝ մենակ չթողնել իր քաղաքացիներին անարդարության դեմ։ Օրենքից բացի, մենք նաև պետք է ձգտենք ձևավորել գործուն ինստիտուցիոնալ մեխանիզմներ կրթության, աշխատանքի, առողջապահության ոլորտներում, որոնք ոչ միայն կպաշտպանեն մարդկանց խտրականությունից, այլ նաև կթելադրեն այնպիսի պետական քաղաքականություն, որն ուղղված կլինի անհավասարությունների հարթեցմանը։

Երկրորդ ուղղությամբ մեր աշխատանքը ուղղված է լինելու հանրության հետ հավասարության, արդարության, ներառականության և համերաշխության արժեքների շուրջ երկխոսության խթանմանը։ Մենք փորձում ենք պատկերել «առանց խտրականության Հայաստանը» և ցույց տալ, ինչպես է այն նպաստելու հասարակ քաղաքացիների և նրանց հարազատների կյանքի որակի բարձրացմանը։

Եվ վերջին, բայց թերևս ամենակարևոր ուղղությունը մեր շահառուների և համախոհների հետ աշխատանքն է։ Կոալիցիան ապահովում է, որ այն մարդիկ և խմբերը, որոնք տարիներ շարունակ դուրս են մնացել իրենց կյանքի որակի վրա ազդող որոշումների կայացման գործընթացներից, կարողանան իրենց ձայնը տեղ հասցնել որոշում կայացնողներին։

      Կոալիցիայի տեսլականն է «Հայաստանն առանց խտրականության»։ Ի՞նչն է ձեզ հուսադրում, որ այս փոփոխությունը հնարավոր է։

Մի քանի ամիս առաջ մասնակցում էի Կոալիցիայի անդամներից մեկի կազմակերպած միջոցառմանը, որտեղ իրականացվում էր ազատազրկված անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Այն հանրային հետաքրքրությունը, որ այս միջոցառումը առաջացրել էր, այցելուների, գնորդների անդադար հոսքը, ևս մեկ անգամ ինձ համար հաստատեցին այն միտքը, որ վերաբերմունքն ու համոզմունքները կարող են փոխվել։ Ի հեճուկս նրանց, ովքեր փորձում են խտրականությունն արդարացնել ավանդույթներով և մշակույթով, շատ են օրինակները, որոնք վկայում են մեր հասարակության մեջ մշակութային տեղաշարժի մասին։ Շատերիս համար այլևս խորթ չէ այն, որ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները սովորում են իրար հետ նույն դասարանում, կամ որ ընտանեկան բռնությունը դատապարտվում է, կամ որ եզդիները բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին, կամ որ մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք կարող են ապրել համայնքահենք խնամքի տներում՝ որպես այլընտրանք հոգեբուժական հաստատությանը, և այսպես շարունակ։

Իհարկե խնդիրներ շատ կան։ Հասարակության տարբեր շերտեր շարունակվում են բախվել անհանդուրժողականության և խտրականության, իսկ պետությունը չի ապահովում նրանց իրավունքների պաշտպանությունը։ Այս անարդարությունները հատկապես սրվում են ճգնաժամերի արդյունքում, ինչպես օրինակ COVID-ի համաճարակն ու պատերազմն էին մեզ համար։

Սակայն ճգնաժամին հաջորդում է վերականգնման շրջանը, և պատմականորեն ճգնաժամերը մարդկանց ստիպել են կտրվել անցյալից և նորովի պատկերացնել իրենց աշխարհը։  Հնդիկ գրող Արունդատի Ռոյը պանդեմիայի մասին գրել էր, որ այն «դարպաս է մի աշխարհի և մյուսի միջև»։ Մենք պետք է ընտրենք՝ արդյո՞ք քայլելու ենք այդ դարպասի միջով՝ մեզ հետ տանելով մեր նախապաշարմունքների և անհանդուրժողականության ծանր բեռը, թե՞ համարձակություն ենք ունենալու պատկերացնել մեկ այլ աշխարհ։

Ինձ հույս է ներշնչում այն, որ այդ դարպասի առաջ շատերը մեր հասարակության մեջ որոշում են կայացնում պատկերացնել մի այլ՝ նոր ապագա, որտեղ մենք հոգատար ենք միմյանց հանդեպ և հարգում ենք բոլորի արժանապատվությունը։ Էլ ավելի ոգևորող է, որ շատ անհատներ ու կազմակերպություններ պատրաստ են պայքարել այդ ապագայի համար։