Այս տարի Մեկ Կադր կինոփառատոնի շրջանակներում Հավասարության կոալիցիան հակախտրական մրցանակը շնորհեց Լուսինե Զաքարյանի «Նախշուն» ֆիլմին։ Ստորև ներկայացնում ենք կարճ հարցազրույց ֆիլմի հեղինակի՝ Լուսինե Զաքարյանի հետ։

  • Ի՞նչպես առաջացավ ֆիլմի գաղափարը։ Ի՞նչու որոշեցիք այդ թեմայով ֆիլմ նկարել։

Ֆիլմի գաղափարը ունեի արդեն մի քանի տարի։ Ինձ թեման ի սկզբանե շատ հետաքրքիր էր, և երբ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ խուսափեցին օգտագործել դաշտան բառը, դա շատ ծիծաղելի էր։ Փաստորեն հանրային հեռուստաընկերությունում չեն կարող օգտագործել դաշտան բառը։ Դա ինձ օգնեց մտածել, որ այդ թեմայով ինչ-որ բան անեմ։ Հետո սկսեցի մտածել․ «լավ, իսկ որտե՞ղ են Հայաստանում այդ թեմայի մասին խոսում» ու հասկացա, որ միակ վայրը, որտեղ դրա մասին խոսում են ընտանիքն է՝ այն էլ մեկ անգամ, երբ աղջիկ երեխային շշուկով կիսատ բացատրում են, թե ինչ պետք է իր հետ կատարվի։ Արդյունքում մտածեցի, որ շատ հետաքրքիր կլինի այդ զրույցը դոկումենտալ ունենամ, թե ոնց են Հայաստանում մամաները բացատրում իրենց երեխաներին ինչ է դաշտանը։

«Նախշուն» , ռեժ․՝ Լուսինե Զաքարյան

  • Ֆիլմը դոկումենտալ է՞ր, թե գեղարվեստական։

Զրույցը լրիվ վավերագրություն է, իրական։ Երեխան չի իմացել, որ այդ ամեն ինչը ձայնագրվում է։ Այդտեղ հենց առաջին անգամ երեխային բացատրում են։ Ունեցա մի քանի նման փորձեր, գտնում էի մամաների, ովքեր այդ տարիքի աղջիկներ ունեն, ստացանք երեք տարբեր ձայնագրություն։

  • Իսկ դժվար էի՞ն համաձայնում։

Այո, շատ դժվար էին համաձայնում։ Վերջում փորձեցի բարեկամական կապերս օգտագործել։ Դա Հայաստանում ամենաաշխատող ձևն է։ Ու իմ հորաքույրը ամենաստացվածն էր արել։ Երեք օրինակներից այդ մեկը վերջնական օգտագործեցի։ Հորաքույրս այդտեղ իր փոքր աղջկան է բացատրում։ Ու նաև ինձ համար շատ կարևոր էր, որ իրենք Լոռվա բարբառով են խոսում, շատ անկեղծ, շատ նուրբ զրույց էր, ու ոչ միայն այդ թեմայից են խոսում, այլ ավելի ընդհանուր բաների մասին։ Օրինակ, մայրն ասում է, որ ինքն ամեն ինչով աղջկան կօգնի, կյանքում շատ դժվարություններ կլինեն, բայց մայրդ միշտ քո հետ կլինի։ Իմ կարծիքով դա կարևոր է, որ ցանկացած մարդ իր կյանքում ունենա աջակցություն իր ծնողներից, հատկապես մայրիկից։ Շատ խնդիրներ հենց այդտեղից են գալիս, երբ երեխաները չեն վստահում ծնողներին։ Ես հավատում եմ, որ ընտանիքում վստահության, անկեղծության վրա հիմնված կապը լինի, շատ ավելի լավ կլինի։

  • Օրինակ, եթե մայրը երեխային չբացատրի ամեն ինչ, ի՞նչ կարող է պատահել։

Եթե չի ասվում, երեխան կարող է վախենալ։ Այդպես շատ է լինում, որ չեն իմանում՝ ինչ է կատարվում իրենց օրգանիզմում։ Երեխան կարող է մտածել, որ մահանում է, կամ այլ բաներ։ Եվ այդ դեպքում ծնող-երեխա կապը կարող է թուլանալ և առաջանալ վստահության պակաս։ Ու ապագայում կարող է երեխան խուսափել ծնողի հետ կիսվելուց։

  • Քո կարծիքով ի՞նչ կապ ունի քո ֆիլմը խտրականության հետ և ինչու հակախտրական մրցանակը փառատոնում հանձնեցինք հենց քեզ։

Ինձ թվում է իմ ֆիլմը, ինչպես մրցանակը հանձնելիս Նվարդը նշեց, կանանց վերարտադրողական առողջության մասին հետաքրքիր դոկումենտալ նյութ է։ Քանի որ Հայաստանում դա տաբու թեմա է, նույնիսկ բացասական երանգ կարող է ունենալ, կարող են համարել, որ դա «կեղտոտ» թեմա է, չի կարելի բարձրաձայն խոսել։ Բայց դա կարևոր մաս է, և կարող են շատ խնդիրներ առաջանալ չտեղեկացվածության կամ սխալ տեղեկացվածության պատճառով։ Շատ կարևոր է խոսել տաբուացված թեմաների մասին, ինչի արդյունքում խտրականությունը կանանց նկատմամբ ավելի քիչ կլինի։ Այդպիսի փոքր բաներից է սկսվում խտրականությունը։ Երբ դու չես կարող քեզ հետ կատարվածի մասին խոսել, բայց դա կատարվում է ամիսը մեկ, ինչու՞ պետք է չկարողանաս դրա մասին խոսել։

Մրցանակը շնորհվել է ԲՀՀ Հայաստանի կողմից ֆինանսավորվող «Խթանել ներառականությունն ու հավասարության մշակույթի ձևավորումը` նպաստելով խտրականության չենթարկվելու իրավունքի ապահովմանը ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում