Իրավահավասար, ներառական և խտրականությունից զերծ հասարակության ձևավորումն առաջնային է ժողովրդավարական հասարակության ստեղծման ճանապարհին։ Այդպիսի միջավայրի ձևավորումը բոլորին հնարավորություն կտա հավասարապես և մատչելիորեն օգտվել առկա հնարավորություններից: Հակառակ պարագայում մարդիկ չեն կարողանում լիարժեք կերպով իրացնել իրենց հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ 

Իրավահավասարության սկզբունքն ամրագրված է մի շարք միջազգային իրավական ակտերով։ Մասնավորապես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է, որ «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով»։ Իրավահավասարության, խտրականության արգելքի և ներառականության զարգացման վերաբերյալ դրույթներ են պարունակվում նաև «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում, «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցայում և այլ միջազգային փաստաթղթերում։

Կարևոր է նկատել, որ այս իրավական ակտերն ըստ էության ոչ թե ստեղծում են առանձին, «հատուկ» իրավունքներ «որոշակի հատկանիշներով» անձանց համար, այլ նրանց ներառում են մարդու իրավունքների ոլորտ, ամրագրում են բոլորի հավասարությունն օրենքի առաջ և հնարավորություն են տալիս բոլոր անձանց՝ անկախ իրենց որևէ հատկանիշից, հավասարապես օգտվել մարդու հիմնարար իրավունքներից և ազատություններից։ 

ՀՀ Սահմանադրությունը ևս արգելում է խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։ Սահմանադրությունն ամրագրում է նաև կանանց և տղամարդկանց իրավահասարությունը, ընդհանուր հավասարությունը օրենքի առջև։ ՀՀ-ում խտրականության բացառման տարբեր իրավանորմեր կան նաև այլ իրավական ակտերում, որոնք վերաբերում են կոնկետ տվյալ իրավական փաստաթուղթը կարգավորող ոլորտին, սակայն դեռևս բացակայում է խտրականության արգելքի և իրավահավասարության վերաբերյալ առանձին օրենքը։

Այնուամենայնիվ, չնայած միջազգային և ներպետական օրենսդրական իրավական ակտերում դրա արգելքի ամրագրմանը՝ կանայք, տարեցները, հաշմանդամություն ունեցողները, ազգային և կրոնական փոքրամասնությունները և այլ անձինք շարունակում են պարբերաբար ենթարկվել խտրական վերաբերմունքի։ 

Բազմաթիվ այլ պատճառներին զուգահեռ՝ նման վերաբերմունքը կարող է կարծրատիպային ու քննադատական համոզմունքներ ունեցող հասարակության մեջ ծնվելու և ապրելու արդյունք լինել։ Ըստ էության կարող է առաջանալ անգամ այնպիսի իրավիճակ, երբ անձը խտրական վերաբերմունք է դրսևորում չգիտակցելով այդ։ Կամ օրինակ անձը կարող է «օգնելու» նպատակով որոշակի գործողություններ կատարել հաշմանդամություն ունեցող անձի փոխարեն, սակայն իրականում նրա գործողություններն ավելի շատ խտրականության դրսևորումներ են, կարծրատիպերի արդյունք, որ տվյալ անձը չի կարող այս կամ այն բանն անել։ Այսպիսի խտրական և կարծրատիպային մտածողությունն էլ իր հերթին բնակչության շրջանում առաջացնում է նախապաշարմունք և կանխակալ վերաբերմունք ՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ՝ վերջիններիս անձնական կամ սոցիալական բնույթի որևէ հատկանիշից ելնելով։ Այնինչ հասարակությունն ամեն ինչ պետք է անի բոլոր անձանց համար ներառական միջավայր ստեղծելու նպատակով։

Խտրականություն (discrimination) եզրույթն առաջացել է լատիներեն “discrimire բառից, որը նշանակում է տարբերակել, առանձնացնել։ Այն ըստ էության նշանակում է մաշկի գույնի, ռասայական, ցեղային կամ էթնիկական ծագման հատկանիշներով, կամ անձի կամ անձանց խմբի անձնական կամ սոցիալական որևէ հատկանիշներով տարբերակումը և առանձնացումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակմանը։ Խտրականության դեմ արգելքի սկզբունքը սահմանում է, որ համանման իրավիճակներում գտնվող անձինք կամ անձանց խմբերը պետք է ստանան հավասար վերաբերմունք և որոշակի «հատկանիշներով» պայմանավորված չարժանանան առավել «նվազ» վերաբերմունքի։

Գոյություն ունեն խտրականության դրսևորման տարբեր տեսակներ՝ ուղղակի խտրականություն, անուղղակի խտրականություն, հետապնդում, ասոցացված խտրականություն, խտրականության հրահրում, սեգրեդացիա և այլն։ Այս ձևերից առավել տարածված և բացահայտ է ուղղակի խտրականությունը։ Վերջինս առկա է, երբ անձը կամ անձանց խումբն արժանանում է ոչ բարենպաստ վերաբերմունքի, կամ նրա(նց) նկատմամբ կայացվել է անբարենպաստ որոշում, գործողություն կամ անգործություն, որի արդյունքում վերջինս հայտնվում է ավելի նվազ բարենպաստ իրավիճակում համանման իրավիճակում այլ անձանց համեմատ և  նման վերաբերմունքն արդյունք է այդ անձի (անձանց)՝ «որոշակի հատկանիշներ» կրելու։ Հետևաբար խտրականության այս տեսակի հիմնական հատկանիշն այն է, որ անձի նկատմամբ վերաբերմունքը ուղղված է կոնկրետ անձի կամ անձանց խմբի համար իրավական հետևանքներ առաջացնելուն։ Այն առավել հեշտ է տարբերակել, քանի որ այս տեսակի հիմքում ընկած է անձի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի տարբերությունը։

Ի հակադրություն սրա, անուղղակի խտրականության հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն կիրառվում է ավելի «չեզոք» կերպով։ Վերջինս կարող է դրսևորվել որևէ օրենքի դրույթի, քաղաքականության, պրակտիկայի տեսքով, որի կիրառումը բացասական է ազդում «որոշակի հատկանիշներով» պայմանավորված անձի կամ անձանց խմբի նկատմամբ նույնատիպ իրավիճակում գտնվող այլ անձանց համեմատ և նրանց զրկում է որոշակի իրավունքներից կամ հնարավորություններից։ Նման դրույթները կամ ընդհանուր քաղաքականության ամրագրումը կարող են բացասաբար ազդել և խտրական լինել անձի կամ անձանց խմբի նկատմամբ՝ չնայած իրենց չեզոք բնույթին։

Ասոցացված խտրականության դեպքում անձի նկատմամբ խտրական վերաբերմունքը պայմանավորված է նրա՝ «որոշակի հատկանիշներով» այլ անձի հետ փոխկապակցված լինելու փաստով։ Այսինքն, ըստ էության անձը չէր արժանանա նման վերաբերմունքի, եթե չլիներ «որոշակի հատկանիշներով» մեկ այլ անձի ամուսինը, կինը, ընկերը կամ որևէ այլ կերպ փոխկապակցված անձ։

Հետապնդումը և խտրականության հրահանգումը որպես խտրականության առանձին տեսակ առանձնացվել են միայն վերջերս։ Այս դեպքերում ևս անձի շուրջ ստեղծվում է ոչ բարյացակամ, մերժողական, ակաբեկող և նվաստացուցիչ վերաբերմունք՝ պայմանավորված նրա «որոշակի» հատկանիշներով։ Խտրականության այս տեսակների պարագայում որևէ փաստական հետևանքի վրա հասնելը պարտադիր չէ, և միայն հրահանգի կամ հետապնդման փաստն արդեն իսկ դատապարտելի երևույթ է։

Ինչպես արդեն նշվել է, գոյություն ունեն խտրականության այլ տեսակներ ևս՝ սեռական ոտնձգությունը, վիկտիմիզացիան, սեգրեդացիան և այլն։ Սակայն առավել կարևոր է հասկանալ, որ խտրականության բոլոր տեսակներին անխտիր բնորոշ է անձանց կամ անձանց խմբի նկատմամբ տարբերակված և առանձնացված ոչ բարյացակամ և նվազ բարենպաստ վերաբերմունքը՝ պայմանավորված նրանց «որոշակի հատկանիշներով»։ Այս բացասական երևույթը հաղթահարելու համար յուրաքանչյուր անհատ կարող է փորձել իր փոքր ներդրումն ունենալ խտրականության բացառման, իրավահավասար և ներառական հասարակության ձևավորման հարցում՝ հետևելով սեփական ամենօրյա խոսքին և տարբեր անձանց նկատմամբ սեփական վերաբերմունքին՝ այն զերծ պահելով հասարակության լայն շերտերի մեջ տարածված կարծրատիպային բառեր ու արտահայտություններ օգտագործելուց։

Խտրականության դրսևորումները հնարավորինս նվազեցնելու և իրավահավասար միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է զարգացնել հասարակության բոլոր շերտերում ներառականությունը։ Իրավահավասար, ներառական ու խտրականությունից զերծ միջավայրի ստեղծումը ենթադրում են ինչպես անհատական, այնպես էլ համակարգային մակարդակներում մշակութային, վարքագծային և օրենսդրական փոփոխություններ։ Պետությունը պետք է ներդնի բոլոր ջանքերը իրավահավասար, հանդուրժողական, ներառական և հարգալից միջավայր ստեղծելու համար՝ այդկերպ ապահովելով բոլորի լիարժեք մասնակցությունը կյանքի բոլոր բնագավառներում։

Ներառականության հասկացության տակ կարելի է հասկանալ անձի կամ անձանց խմբերի լիարժեք մասնակցությունն ու ներգրավվածությունը տարատեսակ միջոցառումներին, քննարկումներին կամ գործողությունների կատարմանը։ Յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր մասնակցությամբ իր ներդրումն ունենալ և մասնակցել հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին, զգալ իրեն մեկ միասնական հասարակության լիարժեք անդամ, որտեղ հարգված են իր իրավունքները և իրացնել իր հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

Ներառական միջավայրի ստեղծումը և հավասար հնարավորությունների խթանումը հնարավորություն կտա յուրաքանչյուրին առավելապես բացահայտել սեփական ներուժն ու օգտագործել այն՝ առանց վախենալու, որ իր «առանձնահատկությունները» որևէ բացասական վիճակ կստեղծեն իր համար։

Էսսեն գրելու ընթացքում օգտագործվել են հետևյալ աղբյուրները՝

  1. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, 
  2. ՀՀ Սահմանադրություն,
  3. «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ, Ի՞նչ է խտրականությունը,
  4. ՄԻԵԴ, Ձեռնարկ խտրականության դեմ եվրոպական իրավունքի վերաբերյալ,
  5. Արա Ղազարյան, Ձեռնարկ իրավական պաշտպանության եղանակները խտրականության գործերով։

Հեղինակ

Մերի Բատիկյան (Հայաստանի ամերիկյան համալսարան, իրավագիտություն, մագիստրատուրա, 2-րդ կուրս)

Մրցանակները շնորհվել են ԲՀՀ Հայաստանի կողմից ֆինանսավորվող «Խթանել ներառականությունն ու հավասարության մշակույթի ձևավորումը` նպաստելով խտրականության չենթարկվելու իրավունքի ապահովմանը ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում։

  • osf.am