Սիրելի գործընկերներ, հետևորդներ և հարգելի հայրենակիցներ,

Ավարտվում է ևս մեկ օրացույցային տարի և այս գրառմամբ ցանկանում ենք ամփոփ ներկայացնել, թե ինչ ենք արել 2021 թվականի ընթացքում։

Նոր տարում շարունակեցինք և ամփոփեցինք լրագրողական նյութերի հերթական մրցույթը։ Մրցույթի նպատակն էր խրախուսել լրագրողներին նյութեր ստեղծելիս օգտագործել ոչ խտրական և զգայուն բառապաշար՝ չներառված ու խտրականության ենթարկվող անձանց և խմբերի մասին լրագրողական նյութեր ստեղծելիս, և նպաստել այս ոլորտում դրական պատմույթի ձևավորմանը։

Մեր միջամտության արդյունքում ֆեյսբուքում հայտնված որոշ խտրական, ոչ զգայուն լեզվով գրառումներ, մասնավորապես աշխատանքային հայտարարությունների կամ կամավորության մասին, խմբագրվել են։

Տարվա սկզբից հետևողականորեն նշեցինք և իրազեկեցինք խտրականության թեմային առնչվող կարևոր օրերը։ Հետագայում նաև պատրաստեցինք «Հավասարության օրացույց» էլեկտրոնային գրքույկը, որտեղ պատկերված ու ըստ ամիսների ներկայացված են հիմնական հիշատակելի օրերը։

Բազմաթիվ են եղել նաև հրապարակային հայտարարությունները, թե՛ կոալիցիայի պատրաստած, թե՛ գործընկերների հետ համատեղ։ Դրանք հիմնականում կոչեր են եղել Հայաստանում խտրականության բացառման, ինչպես նաև ուղեկցող անընդունելի երևույթների դեմ՝ ատելության խոսքի, անարդարության, իրավապաշտպան գործունեության խոչընդոտման և այլն։ Օրինակ՝  «Ի աջակցություն Սաշիկ Սուլթանյանի» մեր պատրաստած հայտարարությունը, որն էջում տարվա ամենադիտված հրապարակումներից էր։

Տարվա ընթացքում Կոալիցիայի աշխատակազմը և անդամներն ակտիվորեն ներգրավված են եղել կարևոր միջոցառումներում՝ Հայաստանում հավասարության ջատագովման առաքելությամբ։ Մեզ համար դրանց ընթացքում անկյունաքարային է հանդիսացել «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը և դրան առնչվող մի շարք հարցեր։

Շարունակել ենք ակտիվ մասնակցություն ունենալ նաև մշակութային կյանքին։ Արդեն երկրորդ տարին Հավասարության կոալիցիան համագործակցեց «Մեկ Կադր» կինոփառատոնի հետ և շնորհեց հակախտրական մրցանակ։ Մեկնարկել ենք թատերական նոր նախագծի աշխատանքներ «Թեք Տեղ» թատրոնի հետ համագործակցությամբ։ Ներկայացման մասին նորություններին կծանոթանաք շուտով։

Նկարում պատկերված են 2021 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսների ընթացքում առցանց լրատվամիջոցներով տարածվող հրապարակումների մեր մշտադիտարկման արդյունքները։

Փետրվարին տեղի ունեցավ Կոալիցիայի տարեկան ժողովը։ Ժողովի ընթացքում ներկայացվեցին 2020 թ․ իրականացված աշխատանքները, քննարկվեցին գործունեության ընթացքում առաջացած խոչընդոտներն ու դրանց հաղթահարման հնարավորությունները, ինչպես նաև Կոալիցիայի հետագա գործունեության առաջնահերթությունները։

Կոալիցիան ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին՝ OSCE Office for Democratic Institutions and Human Rights (ODIHR)  ներկայացրեց 2020թ․ Հայաստանում տեղի ունեցած ատելության հիմքով հանցագործությունների մասին զեկույցը, որը պատրաստվեց մեր անդամ և գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա։

Կոալիցիայի նախագահ Լուսինե Քարամյանը և իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը մասնակցեցին ERT-ի նախաձեռնած ուսումնասիրությանը: «Միասին հանուն հավասարության. Ինչու և ինչպես է գործում խտրականության դեմ պայքարի համապարփակ մոտեցումը» ուսումնասիրությունը ցույց է տալիս խտրականության դեմ համապարփակ հակախտրական օրենքի և հանուն հավասարության համար ջատագովության շրջանակներում համագործակցային մոտեցման կարիքը տարբեր երկրներում։

Հուլիսին կազմակերպեցինք արտագնա աշխատաժողով` առաջիկա տարիների ռազմավարական պլանը մշակելու նպատակով։ Սա տարվա կարևոր և ոգևորիչ իրադարձություններից էր, որի շնորհիվ Կոալիցիայի անդամները կարողացել են վերահաստատել միասին աշխատելու պատրաստականությունն ու իրական քայլեր մշակել ընդհանուր տեսլականին հասնելու համար։

Սեպտեմբերին մեզ միացավ նոր անդամ՝ Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոնը, որն անմիջապես ակտիվորեն ներգրավվեց Կոալիցիայի աշխատանքներում։

Աշնան ընթացքում ընդլայնեցինք մեր գործընկերային ցանցը, մասնավորապես ստացանք դրամաշնորհներ Հայաստանում Կանանց հիմնադրամի, ինչպես նաև Եվրասիա Համագործակցության Հիմնադրամի կողմից։

Նոյեմբերին իրականացրինք «Սոցիալական աշխատողներն ընդդեմ խտրականության և հանուն հավասարության» խորագրով մեդիաարշավ, որի շրջանակներում հրապարակվեցին տեսանյութեր թե՛ ՀՀ-ում գործընկեր սոցիալական աշխատողների, թե՛ նրանց արտասահմանյան գործընկերներինմասնակցությամբ։ Հրապարակվեց էլեկտրոնային գրքույկ, իսկ արշավն ամփոփվեց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի գրասենյակում իրական հանդիպումով։

Տարեվերջին տեղի ունեցավ Հավասարության կոալիցիայի կողմից կազմակերպված քննարկում գործընկերների հետ՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում իրավահավասարության և խտրականության արգելքի վերաբերյալ ՀՀ ստանձնած պարտավորությունների մշտադիտարկումը» թեմայով։

Տարին ամփոփում ենք այս գրառումով, ինչպես նաև իրազեկում, որ այս և մնացյալ գրառումներին, նորություններին կարող եք այսուհետ հետևել նաև մեր նոր կայքում։

Արձանագրելով նորությունները և հակիրճ ամփոփելով կատարված աշխատանքները՝ ուզում ենք շնորհավորել բոլորիդ Ամանորի կապակցությամբ և մաղթել հավասարության տարի, խաղաղ ու հաջողակ 2022 թվական։