Ի՞նչ է խտրականությունը

Խտրականություն տերմինն առաջացել է լատինական «discrimire» բառից, որը նշանակում է «առանձնացնել, տարբերել, տարբերակել»։

Խտրականություն է համարվում որոշակի խմբերի մարդկանց իրավունքների սահմանափակումը կամ ընդհանրապես իրավունքներից զրկումը՝ ըստ նրանց ազգային, ռասայական պատկանելության, սեռի կամ այլ հատկանիշների։

Խտրականության տեսակներն են՝

  • Ուղղակի խտրականություն — Այն ընդգրկում է որոշում, գործողություն կամ անգործություն, որն ուղղված է կոնկրետ անձի/անձանց դեմ, որոնց արդյունքում անձը/անձինք հայտնվում են ոչ բարենպաստ իրավիճակում այլ անձի/անձանց կողմից։

  • Անուղղակի խտրականություն — Այն ներառում է օրենքը, քաղաքականությունը, պայմանը, գործողությունը, անգործությունը, պրակտիկան, որոնց օգտագործման դեպքում անձը/անձինք զրկվում են որոշակի իրավունքներից։

  • Խտրականության հրահրում — Խտրականության հրահրումը կամ դրդումն անձի կամ անձանց խմբի նկատմամբ խտրականության կամ նախապատվության դրսևորման հրահանգ է, ցուցում կամ կոչ։

  • Հետապնդում — «Հետապնդումը» անձի նկատմամբ ցանկացած անցանկալի վերաբերմունք է, որի արդյունքում նրա շուրջ ստեղծվում է կամ որի նպատակն է նրա շուրջ ստեղծել ոչ բարյացակամ, մերժողական, թշնամական, նվաստացուցիչ, վիրավորական միջավայր, որի արդյունքում նվաստացվում է անձի արժանապատվությունը պաշտպանված հատկանիշերից որևէ մեկով։

  • Սեռական ոտնձգություն — Սեռական ոտնձգությունը ուղղված Է լինում կոնկրետ անձի դեմ՝ գենդերային հատկանիշով պաշտպանված հատկանիշի հիման վրա։ Սեռական ոտնձգությունը կարող է դրսևորվել խոսքով, ֆիզիկական եղանակով կամ գրավոր, որն ուղղված է կամ որի արդյունքում անձը կարող է վիրավորվել, նվաստացված զգալ, ստորացվել կամ վախենալ։

  • Սեգրեգացիա — Սեգրեգացիան ցանկացած գործողություն է կամ անգործություն, որով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք առանձնացվում, տարբերակվում ու արդյունքում մեկուսացվում են այլ անձանցից։

Խտրականության այլ տեսակներ․

  • Լեզվական
  • Կրոնական
  • Տարիքային
  • Ընտանեկան կամ ամուսնական կարգավիճակով պայմանավորված
  • Քաղաքական հայացքներով պայմանավորված
  • Գենդերային
  • Առողջական կարգավիճակով պայմանավորված
  • Սեռական կողմնորոշմամբ պայմանավորված
  • Մարդկանց արտաքինով
  • Կենսակերպով
  • Սոցիալական ծագմամբ
  • Գենետիկական

Մեր հասարակությունում խտրականության դրսևորումների օրինակներից են`

  • զանգվածային լրատվության միջոցներում կրոնական կազմակերպությունների վերաբերյալ ատելության և բռնության կոչերը,
  • ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականությունը գործատուների և հասարակության կողմից,
  • աշխատանքի ընդունման չափանիշներում տարիքային ահնարկի սահմանափակումները,
  • հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղաշարժման անհրաժեշտ հնարավորությունների բացակայությունը,
  • օտարազգի ուսանողների կրկնակի ուսման վարձ վճարելը,
  • բժշկի կողմից ՄԻԱՎ-ով ապրող անձի հարազատին ուսումնական հաստատությունից հեռացնելը,
  • ծեծված նույնասեռական անձին բժշկական օգնության տրամադրման մերժումը,
  • բազմաթիվ ընտանիքներում ամուսնու կողմից ծեծի և բռնության ենթարկված կնոջ հանդեպ իրավապահ համակարգի կողմից,
  • սոցիալական կարգավիճակով պայմանավորված երեխայի հանդեպ վերաբերմունքը՝ կրթական հաստատություններում։

Գործողությունը խտրական չէ, եթե այն չի սահմանափակում այլ անձանց իրավունքներն ու ազատությունները և չի ստեղծում արգելքներ դրանց իրականացման համար։ Ինչպես նաև, տրամադրում է որոշակի հատկանիշներով անձին և/կամ մի խումբ անձանց արտոնություններ` ժամանակավոր կառուցողական գործողությունների շրջանակում, ինչպիսին են` պետության կողմից հատուկ պաշտպանություն առանձին խմբի անձանց նկատմամբ, եթե նրանք ունեն այդպիսի պաշտպանության կարիք։