Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան հաստատակամորեն առաջնորդվում է հավասարության, համերաշխության և արդարության սկզբունքներով: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր անձ արժանի է հարգալից և արժանապատիվ վերաբերմունքի՝ անկախ նրա ծագումից, սոցիալական կարգավիճակից կամ այլ հատկանիշներից:
Այսօր, երբ Ադրբեջանի հերթական ռազմական հարձակման հետևանքով տասնյակ հազարավոր հայեր բռնի տեղահանվում և ապաստան են փնտրում Հայաստանում, մենք ականատես ենք լինում մեր հասարակության զգալի մասի նվիրվածությանը այս արժեքներին։
Սակայն նկատում ենք նաև բռնի տեղահանվածների նկատմամբ խտրականության, անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումներ։ Բռնի տեղահանվածների նկատմամբ ատելության խոսքը ոչ միայն խաթարում է նրանց ուղղված մեր բազում հայրենակիցների մարդասիրական ջանքերը, այլև պառակտում է սերմանում հասարակության մեջ: Մենք իրավունք չունենք մոռանալու, որ այս ճգնաժամի պատճառն ի վերջո հայերի նկատմամբ տարիներ շարունակ ատելության և թշնամանքի տարածումն է եղել։
Այս դժվար ժամանակներում չափազանց կարևոր է, որ մենք համախմբվենք որպես հասարակություն։ Կարեկցանքի և համերաշխության մեր ընդհանուր արժեքները պետք է գերակայեն: Մենք պետք է գիտակցենք, որ բռնի տեղահանվածները փախչում են բռնությունից, կորուստներից և հուսահատությունից՝ փնտրելով ապահովություն և իրենց կյանքը վերականգնելու հնարավորություն:
Կոալիցիան կոչ է անում
ՀՀ Կառավարությանը՝
- Ստեղծել բարենպաստ, խտրականությունից ու ատելությունից զերծ միջավայր, որտեղ յուրաքանչյուր բռնի տեղահանված արցախցի հնարավորություն կունենա իրացնել իր բոլոր իրավունքները։
Բոլոր քաղաքական ուժերին՝
- Խուսափել Արցախից բռնի տեղահանված հայերի խնդիրները սեփական նեղ քաղաքական և տնտեսական շահերի սպասարկման համար օգտագործելուց,
- Ներդնել բոլոր ջանքերը հանդուրժող, համերաշխ և բարյացկամ միջավայր ունենալու համար,
- Բացառել ցանկացած տեսակի խտրականություն և ատելության խոսք, բարձրաձայն դատապարտել այդ երևույթները և կոչ անել, որպեսզի այս դրսևորումները բացառվեն նաև ցանկացած քաղաքական ուժի հարող քաղաքացիների շրջանում։
Քաղաքացիներին՝
- Ակտիվորեն արտահայտվել բռնի տեղահանվածների նկատմամբ ատելության խոսքի և խտրականության դեմ,
- Ձեռք մեկնել և աջակցություն ցուցաբերել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Leave A Comment